Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան
պետական դրամատիկական թատրոնի դերասան Սարգիս Ավետիսյանը արդեն 18 տարի է, ինչ աշխատում
է թատրոնում: Նրա խոսքով՝ թատրոնն իր համար հարազատ մի ընտանիք է, երկրորդ տուն.<<Արդեն
բավականին ժամանակ է, ինչ աշխատում եմ թատրոնում: Տարիների ընթացքում այն այնքան հարազատ
է դարձել ինձ համար, որ ասես երկրորդ տունս լինի>>:
35-ամյա դերասանը թատրոն ոտք է
դրել 13 տարեկանում: Սկզբում Ընդունվել է Աբելյանի անվան պետթատրոնին կից ստուդիան,
այնուհետև համագործակցել <<Բոհեմ>> կամերային թատրոնի հետ:
<<1996թ.-ից աշխատում եմ թատրոնում: Սկզբից օժանդակ կազմում եմ խաղացել, հետո
եղել եմ երկրորդ կարգի դերասան, հետո՝ առաջին կարգի>>,-ասաց Սարգիս Ավետսյանը:
Առաջին ներկայացումը, որում խաղացել
է դերասանը, եղել է <<Քաջ Նազարը>>: Վերջինս հանդես է եկել մասսայական
տեսարաններում՝ կերտելով 4 փոքրիկ կերպարներ:
Տարիների ընթացքում Սարգիսը բազում
դերեր է խաղացել, բայց նրա ամենասիրելի կերպարներից մեկը Սիմոնի կերպարն է Հրանտ Մաթևոսյանի
<<Աշնան արև>> ներկայացման մեջ:
<<Շատ եմ սիրում երիտասարդ Սիմոնի կերպարը: Այն չափազանց հոգեհարազատ է ինձ: Ինչ-որ տեղ նրան նաև ինձ եմ նմանեցնում>>,-նշեց դերասանը:
Դերասանն իր խաղացած դերերից առանձնացնում է նաև Ստեփան Ստեփանովիչի դերը <<Անտոն Չեխով>> կատակերգության մեջ: Հատկանշական է, որ 15 տարեկանում նա կերտել է 65 տարեկան տղամարդու կերպար:
Սարգիս Ավետիսյանը բացի թատրոնից խաղացել է նաև ֆիլմերում: Վերջինս նկարահանվել է
<<Մի՛ վախեցիր>> ֆիլմում, <<Մեր գյուղը>>
հեռուստասերիալում և այլն: Դերասանը նշում է, որ կինոն իր համար նույնքան հոգեհարազատ է, որքան թատրոնը.<<Երկուսն էլ քոնն են, երկուսն էլ հարազատ: Բայց ինչպես Մհեր Մկրտչյանն է ասում, թատրոնը կինս է, կինոն՝ սիրուհիս: Ուր էլ գնամ, էլի կնոջս մոտ եմ գալու>>:
Դերասանը նոր ֆիլմում նկարվելու առաջարկություն ևս ունի: Նրա խոսքով՝ այդ ֆիլմի դերասանների մեծամասնությունը լինելու է հենց իրենց թատրոնից: <<Հայ-բուլղարական ֆիլմ է նկարահանվելու: Նկարվելու է Ղարաբաղում, իսկ կոնֆլիկտը հայ-թուրքական հակամարտությունն է>>,-ավելացրեց
նա:
Մարտի 27-ի՝ թատրոնի միջազգային օրվա մասին խոսելիս Սարգիս Ավետիսյանն ասաց, որ այդ առիթով այս տարի պետթատրոնի դերասանուհի Արմինե Վերմիշյանի հետ մասնակցելու են <<Արտավազդ>> մրցանակաբաշխությանը, ինչպես
նաև շնորհավորեց բոլոր դերասաններին թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով ուժ, հավատ և նորանոր վերելքներ:
