воскресенье, 9 ноября 2014 г.

Սեմինար` շրջակա միջավայրի պահպանության և էկոտուրիզմի վերաբերյալ

Նոյեմբերի 8-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնում տեղի ունեցավ սեմինար`կազմակերպված Վանաձորի <<Լրագրողների Սելեն ակումբ>> հասարակական կազմակերպության կողմից: Սեմինարն իրականացվում էր <<Լոռու մարզում էկոտուրզմի զարգացման հնարավորությունները, հեռանկարները և դրանց նպաստող անհրաժեշտ քայլերը>> ծրագրի շրջանակներում:
<<Մենք մասնակցել ենք ՀՀ նախագահի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթին, հաղթել և այժմ իրականացնում ենք ծրագիրը>>,-ասաց <<Լրագրողների Սելեն ակումբ>> ՀԿ-ի նախագահ Նարինե Խաչատրյանը:  Խոսելով ծրագրի նպատակի մասին` Ն. Խաչատրյանը ասաց, որ ծրագրի նպատակը լայն զանգվածներին մարզի էկոլոգիապես մաքուր, տեսարժան վայրերին, պատմամշակութայնի կենտրոններին, գյուղական, անհատական գիշերակացի սպասարկման ծառայություններին ծանոթացնելն է:
Սեմինարը բաղկացած էր 2 մասից` շրջակա միջավայրի պահպանություն և էկոտուրիզմ: Սեմինարի առաջին հատվածում <<Լոռու զարգացման կենտրոն>> հասարակական կազմակերպության նախագահ, փորձագետ-սեմինարավար Հրանտ Այվազյանը խոսեց մարզի աղբահանության, շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառների, դրանց լուծման միջոցների մասին: <<Եթե հետևողական լինենք, չանտեսենք այս խնդիրը, ապա այն կարող է լուծվել>>,-նշեց սեմինարավարը:
Սեմինարի երկրորդ մասը էկոտուրիզմի և մարզում դրա զարգացման համար միջոցներ ձեռք առնելու վերաբերյալ էր: <<Լոռի թրեվլ>> տուրիստական գործակալության հիմնադիր Գևորգ Վարդանյանը ներկաներին ծանոթացրեց տուրիզմի 3 հիմնական ձևերին և ներկայացրեց այն գործոնները, որոնց պատճառով մեր մարզում էկոտուրիզմը այնքան էլ զարգացում չի ապրում: <<Պետք է տարբերել ավիատոմսերի վաճառքը և տուրիզմը: Տոմս ծախելը դեռ տուրիզմ չէ: Տուրիզմը մի մեծ գաղափարաղոսություն է>>,-նշեց Գ. Վարդանյանը: Վերջինս նշեց նաև, որ Լոռու մարզը բավականին շատ տուրիստական ռեսուրսներ ունի`3045 պատմամշակութային հուշարձան: Այնուհետև մասնակիցները բաժանվեցին 2 խմբի, ստեղծեցին տուրիստական գործակալություններ, որոշեցին անվանում, ընտրեցին իրենց գործունեության ոլորտները և սկսեցին քննարկել:

Նշենք, որ այս ծրագիրը սկսվել է նոյեմբերի 3-ին, սակայն սեմինարների մեկնարկը տրվեց նոյեմբերի 8-ին: Ծրագիրը նախատեսում է նաև տեսաֆիլմերի նկարահանում,կայքերի ստեղծում, գրքույկների տպագրում, արշավներ: