Ավարտվում է մայիսը: Վերջին զանգի թեման ամենաքննարկվողն է շրջանավարտների կողմից, որի նախապատրաստական աշխատանքներն սկսվում են դեռևս ամիսներ առաջ: Դասեր, մասնավոր պարապմունքներ... այս ամենին հավելվում են տարաբնույթ փորձերը, հագուստի ընտրությունը, ձևավորման աշխատանքները, նկարահանումները և այլն, և այլն: Կարճ ասած՝ 12-րդ դասարանում աշակերտները դառնում են բազմազբաղ, ու ինչպես ծնողներն են ասում. «Քիթ սրբելու ժամանակ չեն ունենում»:
Նախապատրաստական աշխատնքներն աշակերտներից ոչ միայն շատ ժամանակ ու ջանքեր, այլև որոշակի ֆինանսներ են պահանջում: Այսպես՝ վերջին զանգի արարողությունների համար շրջանավարտները մոտավորապես հավաքում են 30.000-70.000 դրամ: Այս գումարը, թերևս, քիչ չէ մանավանդ այն դեպքում, երբ Վանաձորում միջին աշխատավարձը տատանվում է 30.000-60.000 դրամի սահմաններում (հիշեցնենք՝ հայ ծնողն իր երեխայի համար չի խնայում նույնիսկ իր աշխատավարձն ամբողջությամբ): Ազգային «փառասիրությունը» մտածում է. «իմ երեխան ու՞մից է պակաս, որ հետ մնա»: Այսպես են մտածում նաև Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի աշակերտների ծնողները, որոնց բնագիտական հոսքի 12–րդ դասարանի աշակերտները պատրաստվում են վերջին զանգի «ծիսակատարությանը»:
Աշակերտուհի Մարիա Ծատուրյանն փաստում է, որ իրենց դասարանում հավաքվել է 30.000 դրամ, չնայած այն հանգամանքին, որ վերջին զանգի միջոցառում ասվածը սահմանափակվելու է դպրոցի բակում ասվելիք ողջույնի խոսքով: Աշակերտուհու վկայությամբ դրամահավաքության նպատակը դասարանի անցած ճանապարհի մասին կարճամետրաժ ֆիլմի նկարահանումն է: Վերջինս խոսում է նաև, ավարտական խնջույքի, տորթի և այլ բաների վրա ծախսվող «մանր-մունր» գումարների մասին: