понедельник, 26 сентября 2016 г.

Ծիածանը որոնելիս

Ծիածանը վայելելու համար պետք է դեռ վերապրել անձրևը:

Պաուլո Կոելիո

           
Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելը շատերի համար անսպասելի, բայց միևնույն ժամանակ կանխատեսելի իրադարձություն էր: Նորանշանակ վարչապետը իր պահանջկոտությամբ ու արմատական փոփոխությունների միտվածությամբ «կադրային հեղափոխություն» իրականացրեց կառավարության կազմում: Եղան թե' պաշտոնաթողություններ, թե' վերանշանակումներ և թե' նոր պաշտոնավարողներ: Այսպիսի արմատական փոփոխությունները արդեն իսկ հուսադրող են, սակայն ինչպես ասում են. «ամեն բան ցույց կտա ժամանակը»:
            Թերևս, միանշանակ ասել, որ ներկայիս անկումայնին տնտեսությունն ու սոցիալական ծանր վիճակը նախկին վարչապետի և կառավարության «շնորհիվ է», չենք կարող: Սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք: Մեր երկիրը վերածվել է այդպես էլ լուծում չստացած խնդիրների մի մեծ կծիկի, և հիմա դժվար է ասել` արդյո՞ք նոր կառավարությունը կգտնի թելի սկիզբը և կկարողանա բացել խճճված հանգույցները: Այսօր, Հայաստանի ներսում և ինչու չէ նաև սահմաններից դուրս բնակվող հայերը գիտեն, թե որոնք են մեր ազգի առաջ ծառացած խնդիրներից լրջագույնները: Մեր առաջին ու ամենամեծ խնդիրը ներքին թշանմին է, որը ունի միտումնավոր ու պարզ  քաղաքականություն` ջլատել հային ներսից: Երբ խոսքը գնում է տնտեսության մասին, մեր երկիրն այդպես էլ չի կարողանում տնտեսական աճ գրանցել, քանի որ շատ են մենաշնորհները, տնտեսական շուկայի միաբևեռությունը: Ինչպես ասում են, Հայաստանում չկա միջին խավ, կամ հարուստ են, կամ աղքատ: Եվ սա էլ այն պատճառով, որ պետական աթոռներին հավակնողները առաջնորդվում են միայն սեփական շահի սկզբունքով, որ անտեսվում է արդար վաստակը, որ ողջ ամսվա դիմաց շարքային քաղաքացին ստանում է չնչին աշխատավարձ ու մի կերպ գոյության կռիվ տալիս: Հենց սա է այն ներքին քայքայող քաղաքականությունը, որը մասնատում է հային: Վստահ եմ, բոլորս էլ քաջ գիտակցում ենք սա ու նաև ակնատեսը դառնում հետզհետե հայաթափվող Հայաստանին: Ամենացավալին, սակայն, այն է, որ արյան գնով անկախություն ձեռք բերելուց հետո, մենք չենք անկախանում մեր իսկ պետության ներսում: Եվ հենց այդ անազատ վիճակն է ծնում միգրացիան, որի տեմպերը վաղուց արդեն լուրջ մտահոգության առիթ են դառնում:
            Հաճախ մտածում եմ. տեսնես աշխարհի երեսին կա՞ մի ուրիշ ազգ, որ ոտնակոխ է լինում թե' արտաքին թշնամուց, թե' ներքին: Ուզում եմ նաև հասկանալ` ո՞րն է ավելի վտանգավոր. ներսինը, որ դանդաղ, բայց հաստատուն կերպով ջլատում է ժողովրդին, թե՞ դրսինը, որ բացահայտ պատերազմ է մղում մեր սահմաններում: Բայց այն, որ հայը վտանգի պահին համախմբվում ու  բռունցք է դառնում, ակնհայտ է: Շատ անգամ է թշնամին համոզվել, որ կոտրել հային, այն էլ նրա հզոր ոգին, անհնար է` անգամ եթե հայի կողքին ոչ ոք չկանգնի: Հետևաբար պետք է պայքարենք ներսի թշնամու դեմ:

            Հայ ժողովուրդը, իր հազարամյա պատմության ընթացքում շատ ամպոտ ու անձրևոտ օրեր է տեսել: Մինչև օրս էլ չեն դադարում անձրևները: Բայց մի բան ակնհայտ է` Հայը երբեք չի կորցնում ծիածանը վայելելու հույսը: Հուսանք, որ նոր փոփոխությունները մի օր մի մեծ ծիածան կնկարեն հայոց երկնքում: 

среда, 2 марта 2016 г.

Մեկ կադր, մեկ ֆիլմ

Հավանաբար բոլորս էլ սիրում և դիտում ենք հայկական ֆիլմեր: Եվ այսպես, կարո՞ղ եք գուշակել ֆիլմը միայն մեկ կադրից:

среда, 30 сентября 2015 г.

Լրատվամիջոցների անդրադարձը Վահան Մարտիրոսյանին

       Վերջին շրջանում հայաստանյան լրատվամիջոցներում ամենաշրջանառվող թեմաներից մեկը «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական  նախաձեռնության ղեկավար, ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի`Ադրբեջանին հանձնվելն ու այնտեղ մամլո ասուլիս տալն է: ԶԼՄ-ները ներկայացնում են բոլոր այն վարկածները, որոնք պատճառ են հանդիսացել Վ. Մարտիրոսյանի այդ քայլի համար:
 Այս մասին «ԳԱԼԱ»-ն գրում է..
 «Վահան Մարտիրոսյանը հայտարարել է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնազորի անդամները դաժան ծեծի են ենթարկել իրեն եւ կնոջը, իսկ այդ ամենը կատարվել է իրենց երկամյա երեխայի աչքի առաջ»:

«Armlur» -ը առաջ է քաշում մեկ այլ վարկած`
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` «ծեծողները» տեղի ունեցածն իրավապահներին հետեւյալ կերպ են ներկայացրել: Իբր Վահան Մարտիրոսյանի բնակարանից վիճաբանության ձայներ են լսվել: Իսկ հարևաններն էլ բացատրություն են տվել, որ իբր իրենք լսել են, որ Մարտիրոսյանները վիճաբանում են, և իրենք միջամտել ու ամոթանք են տվել «կռվարար» ամուսիններին: Բայց ամուսինները, միեւնույն է, չեն դադարել, եւ վեճը տեղափոխվել է բակ, եւ սկսել են իրար ծեծել: Այստեղ, արդեն, երկու երիտասարդ, որոնք Մհեր Սեդրակյանի թիմակիցներն են եւ հարեւանությամբ են բնակվում, իբր փորձել են կռվարար զույգին կարգի հրավիրել, բայց նրանց «խաղարարար» առաքելությունը վերաճել է ծեծկռտուքի»:
Աղբյուրը` http://armlur.am/405072/

Վահան Մարտիրոսյանը հերքել էր հնչած կարծիքը` ասելով, որ իրենք սեփական բնակարանում են ապրում, և հարևանները ձայներ լսել չէին կարող: Սրան ի պատասխան Մհեր Սեդրակյանն ասել է. «Նախ ինքը ո՞վ ա, որ ես էլ հրավիրեմ, ինքը իմ համար ո՞վ ա, ես չեմ էլ ճանաչել տենց մարդ: Դուք լսել եք, որ ինքը ում տանը մնացել է՝ երեք հազար դոլար է գողացել և մարդու ու կնիկ փախած են: Հիմա որ կբռնեն՝ այդ ժամանակ դուք էլ կհամոզվեք, որ այն, ինչ իմ մասին ամբախ-զամբախ բաներ էր գրում, ես էդ մարդը չեմ: Կամ դու ո՞վ ես, որ ես քեզ ծեծեմ, ինչի՞ համար ծեծեմ»:


Հենց այս տարաձայնությունների պատճառով էլ Վահան Մարտիրոսյանը կնոջ և որդու հետ մեկնում է Թբիլիսի, որտեղից էլ հատում է Ադրբեջանի սահմանը և հանձնվում ադրբեջանական կառավարությանը: Այնտեղ էլ նա մամուլի ասուլիս է տալիս:
Ստորև ներկայացնում ենք ասուլիսի ամբողջական տեսագրությունը

 

Կայացած ասուլիսի վերաբերյալ «168.am» -ը գրում է.
«Նա հայտարարել է, թե Հայաստանում արհեստականորեն թշնամական վերաբերմունք է սերմանվում Ադրբեջանի նկատմամբ: Նա Հայաստանը ներկայացնում է որպես բռնատիրական երկիր, այն դեպքում, երբ ողջ աշխարհը` միջազգային տարբեր կառույցներ տարիներ շարունակ հանդես են գալիս հայտարարություններով` դատապարտելով Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, բռնաճնշումների դեպքերը` իրավապաշտպան կազմակերպությունների, լրագրողների, ընդդիմադիր գործիչների նկատմամբ»:

«Aravot.am» -ը գրում է.
«Ընդհանրապես այս պատմության մեջ ամենախոցելին հենց երեխան էր: Եվ ոչ միայն այն պատճառով, որ իր ծնողներն այդ ճանապարհն են ընտրել իրենց՝ դեռ հայտնի չէ՝ ինչի համար: Այս երեխայի ապագան հավասարապես վտանգեցին՝ նախ նրա ծնողները, հետո նաև՝ ադրբեջանական և հայաստանյան լրատվամիջոցները՝ նրա դեմքը առանց քողարկելու ի ցույց դնելով ողջ աշխարհին, զրկելով նրան՝ ապագայում սեփական ընտրությունը կատարելու հնարավորությունից»:
Աղբյուրը` http://www.aravot.am/2015/09/26/612933/

Նշենք նաև, որ «Aravot.am»-ը գրել է. «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ Վահան Մարտիրոսյանը դեռեւս տասը տարի առաջ՝ 2005 թվականի մարտի 28-ից հաշվառված է ՀՀ առողջապահության նախարարության ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում` «անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ:



пятница, 22 мая 2015 г.

Ծախսեր, ծախսեր, ծախսեր...


Ավարտվում է մայիսը: Վերջին զանգի թեման ամենաքննարկվողն է շրջանավարտների կողմից, որի  նախապատրաստական աշխատանքներն սկսվում են դեռևս ամիսներ առաջ: Դասեր, մասնավոր պարապմունքներ... այս ամենին հավելվում են տարաբնույթ փորձերը, հագուստի ընտրությունը, ձևավորման աշխատանքները, նկարահանումները և այլն, և այլն: Կարճ ասած՝  12-րդ դասարանում աշակերտները դառնում են բազմազբաղ, ու ինչպես ծնողներն են ասում. «Քիթ սրբելու ժամանակ չեն ունենում»:
 Նախապատրաստական աշխատնքներն աշակերտներից  ոչ միայն շատ ժամանակ ու ջանքեր, այլև որոշակի ֆինանսներ են պահանջում: Այսպես՝ վերջին զանգի արարողությունների համար շրջանավարտները մոտավորապես հավաքում են 30.000-70.000 դրամ:  Այս գումարը, թերևս, քիչ չէ մանավանդ այն դեպքում, երբ Վանաձորում միջին աշխատավարձը տատանվում է 30.000-60.000 դրամի սահմաններում (հիշեցնենք՝ հայ ծնողն իր երեխայի համար չի խնայում նույնիսկ իր աշխատավարձն ամբողջությամբ): Ազգային «փառասիրությունը» մտածում է. «իմ երեխան ու՞մից է պակաս, որ հետ մնա»: Այսպես են մտածում նաև Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի աշակերտների ծնողները, որոնց բնագիտական հոսքի 12–րդ դասարանի աշակերտները պատրաստվում են վերջին զանգի «ծիսակատարությանը»:
 Աշակերտուհի Մարիա Ծատուրյանն փաստում է, որ իրենց դասարանում հավաքվել է 30.000 դրամ, չնայած այն հանգամանքին, որ վերջին զանգի միջոցառում ասվածը սահմանափակվելու է  դպրոցի բակում ասվելիք ողջույնի խոսքով: Աշակերտուհու վկայությամբ դրամահավաքության նպատակը դասարանի անցած ճանապարհի մասին կարճամետրաժ ֆիլմի նկարահանումն է: Վերջինս խոսում է նաև ավարտական խնջույքի, տորթի և այլ բաների վրա ծախսվող «մանր-մունր» գումարների մասին:
 Հարց է ծագում՝ կազմակերպված ավարտական միջոցառում ներկայացնելու դեպքում քանի՞ աշխատավարձ է հարկավոր...
     Հ. Գ.  Գուցե՞ ժամանակն է  տարբերվելու և մտածելակերպի կեղծ կաղապարներից հեռանալու.... Գուցե՞ ժամանակն է մեր սերնդի համար ավելի կարևոր արժեքներ գտնելու, քան մեզ չպատճառաբանված շոուների անգիտակից մասնակիցը դարձնելու.... Գուցե՞ ԿԳՆ-ն և Մշակույթի նախարարությունն էլ ազգային-ռազմավարական ծրագրեր մշակեն այս ուղղութամբ.... Գուցե...