Ծիածանը վայելելու համար պետք է դեռ վերապրել անձրևը:
Պաուլո Կոելիո
Թերևս,
միանշանակ ասել, որ ներկայիս անկումայնին տնտեսությունն ու սոցիալական ծանր վիճակը
նախկին վարչապետի և կառավարության «շնորհիվ է», չենք կարող: Սակայն այսօր ունենք այն,
ինչ ունենք: Մեր երկիրը վերածվել է այդպես էլ լուծում չստացած խնդիրների մի մեծ կծիկի,
և հիմա դժվար է ասել` արդյո՞ք նոր կառավարությունը կգտնի թելի սկիզբը և կկարողանա բացել
խճճված հանգույցները: Այսօր, Հայաստանի ներսում և ինչու չէ նաև սահմաններից դուրս բնակվող
հայերը գիտեն, թե որոնք են մեր ազգի առաջ ծառացած խնդիրներից լրջագույնները: Մեր առաջին
ու ամենամեծ խնդիրը ներքին թշանմին է, որը ունի միտումնավոր ու պարզ քաղաքականություն` ջլատել հային ներսից: Երբ խոսքը
գնում է տնտեսության մասին, մեր երկիրն այդպես էլ չի կարողանում տնտեսական աճ գրանցել,
քանի որ շատ են մենաշնորհները, տնտեսական շուկայի միաբևեռությունը: Ինչպես ասում են,
Հայաստանում չկա միջին խավ, կամ հարուստ են, կամ աղքատ: Եվ սա էլ այն պատճառով, որ
պետական աթոռներին հավակնողները առաջնորդվում են միայն սեփական շահի սկզբունքով, որ
անտեսվում է արդար վաստակը, որ ողջ ամսվա դիմաց շարքային քաղաքացին ստանում է չնչին
աշխատավարձ ու մի կերպ գոյության կռիվ տալիս: Հենց սա է այն ներքին քայքայող քաղաքականությունը,
որը մասնատում է հային: Վստահ եմ, բոլորս էլ քաջ գիտակցում ենք սա ու նաև ակնատեսը
դառնում հետզհետե հայաթափվող Հայաստանին: Ամենացավալին, սակայն, այն է, որ արյան գնով
անկախություն ձեռք բերելուց հետո, մենք չենք անկախանում մեր իսկ պետության ներսում:
Եվ հենց այդ անազատ վիճակն է ծնում միգրացիան, որի տեմպերը վաղուց արդեն լուրջ մտահոգության
առիթ են դառնում:
Հաճախ
մտածում եմ. տեսնես աշխարհի երեսին կա՞ մի ուրիշ ազգ, որ ոտնակոխ է լինում թե' արտաքին
թշնամուց, թե' ներքին: Ուզում եմ նաև հասկանալ` ո՞րն է ավելի վտանգավոր. ներսինը, որ
դանդաղ, բայց հաստատուն կերպով ջլատում է ժողովրդին, թե՞ դրսինը, որ բացահայտ պատերազմ
է մղում մեր սահմաններում: Բայց այն, որ հայը վտանգի պահին համախմբվում ու բռունցք է դառնում, ակնհայտ է: Շատ անգամ է թշնամին
համոզվել, որ կոտրել հային, այն էլ նրա հզոր ոգին, անհնար է` անգամ եթե հայի կողքին
ոչ ոք չկանգնի: Հետևաբար պետք է պայքարենք ներսի թշնամու դեմ:
Հայ
ժողովուրդը, իր հազարամյա պատմության ընթացքում շատ ամպոտ ու անձրևոտ օրեր է տեսել:
Մինչև օրս էլ չեն դադարում անձրևները: Բայց մի բան ակնհայտ է` Հայը երբեք չի կորցնում
ծիածանը վայելելու հույսը: Հուսանք, որ նոր փոփոխությունները մի օր մի մեծ ծիածան կնկարեն
հայոց երկնքում:

Комментариев нет:
Отправить комментарий