понедельник, 16 февраля 2015 г.

Պատմություն բաց ծովում

Փետրվարի 16–ին ՎՊՀ-ում տեղի ունեցավ  Փոփոխությունների թատրոնի կողմից կազմակերպված <<Պատմություն բաց ծովում>> ինտերակտիվ ներկայացումը:
Ներկայացումը կոնֆլիկտային սյուժե ուներ. կինը և տղամարդը խարխուլ նավակով և սարսափելի քաղցած վիճակով հայտնվել էին բաց ծովում: Եվ ինչ պետք էր անել տվյալ պարագայում, երբ շուրջդ ամայություն է. ծով, ծով և միայն ծով: Այս պարագայում, երբ գործ ունենք 2 տարբեր սեռի ներկայացուցիչների հետ, թերևս, տարաձայնություններն ու վեճերը անխուսափելի են: Նրանցից յուրաքանչյուրը առաջ է քաշում փրկության սեփական միջոցը:
Կին
<<Այդ ինչ ես անում>>
Տղամարդ
<<Ձուկ եմ բռնում>>
Կին
<<Եվ դու մտածում ես, որ վերջապես կհաջողվի բռնել այն փոքրիկ ձուկը, որը 2 օր շարունակ փորձում ես բռնել: Պետք չէ ժամանակ վատնել անիմաստ բաների վրա, արի թիավարենք>>:

  Այնուամենայնիվ, բախտակիցներին համաձայնության գալ չի հաջողվում: Եթե շարժվենք <<կինը միշտ ճիշտ է>> տրամաբանությամբ, և հիմնվենք վերջինիս առաջ քաշած վարկածի վրա, ըստ որի` նրանք սկզբում դեպի հյուսիս են նավարկել, և պետք է թիավարել դեպի հարավ, ապա փրկության չնչին մի հույս կարող էր լինել: Սակայն ինչպես կարող է տղամարդկային բանականությունը ճիշտ համարել կնոջ ասածը. <<և ով է եղել քո աշխարահգրության ուսուցչուհին…>>

 Անվերջանալի կոնֆլիկտները միշտ էլ իրենց հանգուցալուծումն են գտնում`հաշտություն, համաձայնություն: Սա միայն այն դեքում, երբ կողմերից ինչ-որ մեկը զիջող է: Սակայն տարբեր խառնվածքները, համառությունն ու չզիջողականությունը թույլ չեն տալիս ընդհանուր հայտարարի գալ: Տարբերակները կարող են շատ լինել, բայց դրանց ընտրությունը, այնուամենայնիվ, դժվար կլինի…

среда, 11 февраля 2015 г.

Ժամանակը և իր պահանջները

Ամեն ժամանակաշրջան իր պահանջներն է ծնում, և յուրաքանչյուր զանգվածային լրատվամիջոցի ստեղծումը տվյալ ժամանակի պահանջների ու հնարավորությունների արդյունքն է: Մամուլը ԶԼՄ-ների առաջնեկն է: Ժամանակին այն տեղեկատվության եթե ոչ միակ, ապա գլխավոր միջոցն է եղել: Սակայն, գիտական և տեխնիկական առաջընթացի հետ մեկտեղ, ասպարեզ են եկել այլ լրատվամիջոցներ: Կյանքի կարևորագույն օրենքի նման`հնին փոխարինելու է գալիս նորը, տարեցին`երիտասարդը: Հենց այսպես մամուլին հաջորդեց ռադիոն, ռադիոյին` հեռուստատեսությունը, իսկ վերջինիս`ամենաերիտասարդը, խոստումնալիցն ու բազմաֆունկցիոնալը`<<նորին մեծություն>> համացանցը: Այնուամենայնիվ վերոնշյալ լրատվամիջոցները ոչ թե վերջնականապես գրավում էին նախորդի դերն ու տեղը, այլ լրացնում էին վերջինիս բացթողումները:

Տպագիր մամուլ

Այսօր թերթերը սիրելի են հատկապես տատիկ-պապիկների համար: Թերևս, զարմանալի չէ: Ամեն  անգամ գրադարանի ընթերցարան մտնելով` տեսնում եմ պապիկների, որոնք այնքան ուշադիր և հետաքրքրությամբ են թերթ կարդում, որ իմ մեջ հարց է ծագում. տեսնես ինչն է այդքան գրավում նրանց: Միթե տանը հեռուստացույց չկա, որ ամեն առավոտ հասնում են գրադարան, իրենց ձեռքով վերցնում թերթի հերթական համարը և ուսումնասիրում օրվա լրահոսը: Ու մի պարզ ճշմարություն կա. նրանք սովոր են թերթին, թերթին են վստահում, ակնկալում գտնել հավաստի տեղեկություն:
Թեև օպերատիվության առումով թերթը զիջում է մյուսներին, սակայն ինչպես ժողովուրդն է ասում. <<ուշ լինի, նուշ լինի>>. նոր համար, նոր իրողություններ, փաստեր ու վերլուծություններ:

Ռադիո

Թերթից հետո, ռադիոն, կարծես, հեղաշրջում լիներ: Այս անգամ ոչ թե դու էիր կարդում, այլ քեզ համար կարդում էին: Քեզ մնում էր միայն լսել ու լսածիդ համարժեք պատկերներ մտքում ստեղծել: Բնական է, շատերն են ալարում կարդալ թերթի հոդվածը, բայց փոխարենը`լսում են:

Հեռուստատեսություն

Իր տեսակի մեջ, թերևս, առաջինն էր հեռուստատեսությունը. Ձայնաշարին ավելացավ նաև պատկերաշարը: Այն ամբողջովին համապատասխանում է <<մինչև աչքովս չտեսնեմ, չեմ հավատա>> խոսքին: Այս պարագայում, հավատում ենք ոչ միայն ականջներին, այլև աչքերին:

Համացանց

Բոլոր լրատվամիջոցների առանձնահատկություններն է իր մեջ ներառում համացանցը. և տեսնում ես, և լսում, և կարդում: <<Ուշ եկավ, շուտ տիրացավ>> համացանցը: Բնական է, ամեն բան հեշտ է և արագ: Միայն մկնիկի մեկ սեղմում, և ստանում ես այն, ինչ պետք է: Եվ միթե այս չէինք ակնկալում. կարճ տեքստեր, հաճելի ձայն, գեղեցիկ կադրեր…